Կինո-ֆոտո գործունեությունը` որպես սովորողի ընտրությամբ ու իրական գործունեություն, անհատականացված ու անհատական նախագծերի փաթեթ
Հեղինակ՝ Անի Սարգսյան
© 2017
“I believe in equality for everyone, except reporters and photographers.”
Mahatma Gandhi
Կյանքի պահերը հավերժացնելու ձգտումը մարդկության մոտ եղել է դեռ վաղ ժամանակներից: Հենց այդ ձգտումն ու ցանկությունն է հանգեցրել նոր և յուրահատուկ արվեստի՝ լուսանկարչության ստեղծմանը: Մեր ժամանակներում անգնահատելի է լուսանկարչության դերը մեր կյանքում: Դա կապված է նրա հետ, որ ժամանակակից արվեստն այժմ մեծ մասամբ վիզուալ արվեստի է վերածվել, և ինչպես հունգարացի գեղանկարիչ Լասլո Մոհոյ-Նադն է ասում, այն դարձել է գրագիտության աստիճան. «Ապագայում անգրագետ կկոչվի ոչ միայն այն մարդը, ով չի կարողանում կարդալ և գրել, այլև լուսանկարել»:
Այսպիսով կոմպոզիցիայի հիմունքների ուսումնասիրությունը, որոնք կիրառվում են նաև գեղանկարչության, գրաֆիկայի, ճարտարապետության մեջ, լուսանկարչությունը, որպես արվեստի տեսակ կարևոր է համարվում երիտասարդության համար, անկախ հետագայում ընտրած նրանց մասնագիտությունից, որովհետև լուսանկարչությունը զարգացնում է վիզուալ մշակույթ, նպաստում է աշխարհհայացքի և անձի զարգացմանը:
Լուսանկարչության նպատակն է.
Լուսանկարչության հիմնական հիմունքների ուսուցման միջոցով կոմպոզիցիոն մտածողության զարգացումը, ինչպես նաև ճիշտ գիտելիքների և կարողությունների ուսուցումը՝ լուսանկարելու համար:
Լուսանկարչության խնդիրներն են.
1. Էսթետիկ ընկալման զարգացումը՝ հայտնի լուսանկարիչների աշխատանքների ուսումնասիրության միջոցով
2. Կոմպոզիցիոն, պատկերային մտածողության զարգացումը պրակտիկ աշխատանքի ընթացքում
3. Անձնական որակների զարգացումը, օրինակ՝ կոմունիկացիոն (հաղորդակցության) հմտություններ, հանդուրժողականություն, ինքնուրույնություն, ինքնավստահություն, ինքնաքննադատություն, ինքնագնահատական
4. Ֆոտոապարատի հետ ճիշտ աշխատանքի պրակտիկ հմտությունների ուսումնասիրում, կիրառում
5. Լուսանկարչության հիմունքների ուսումնասիրություն
Այսպիսով, լուսանկարչությունը հիմա դարձել է մեր առօրյայի մի մասը, և դրա ուսուցումն ու ճիշտ կիրառումը կնպաստեն մեզ շրջապատող սովորականը ոչ սովորական, առանձնահատուկ տեսնելու ու ընկալելու հմտությունները:
“If your pictures aren’t good enough, you aren’t close enough.” – Robert Capa
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում`4-րդ դասարանից սկսած, սովորողը ընտրությամբ գործունեություն իրականացնելու ու ընտրելու հնարավորություն է ստանում: Հնարավորություն է ունենում իր նախասիրությունները, հետաքրքրությունները ու երազանքները գործի վերածելու: Ընտրությունը բազմազան է`օտար լեզուներ, ռոբոտիքս ու դիզայն, մաթեմատիկա ու շախմատ, անիմացիա և սպորտ ու այս ամենը իր ողջ բազմազանությամբ`մասնագիտական ճյուղավորումներով: Կխոսեմ կինո-ֆոտո ընտրության գործունեության կազմակերպման ու դասավանդման մասին: Արդեն 3 տարի է ղեկավարում եմ այս գործունեությունն ու շփվում սովորողների տարատարիք խմբերի հետ, իրականացնում ու համակարգում անհատական և խմբային մի շարք նախագծեր: Առաջին հերթին կարևորում եմ սովորողների հետ անձնական շփումը, փորձում եմ նրանց բոլորին անհատապես ճանաչել, բոլորի հետաքրքրություններն իմանալ: Այդ պատճառով, մեր առաջին դասին այդպիսի մի քննարկում ենք ունենում, որի ընթացքում պարզում ենք մեզնից յուրաքանչյուրի սիրելի ու ոչ այդքան սիրելի երևույթները, առարկաները, ուտելիքները, ֆիլմերը, գրքերը, երաժշտությունը և այլն: Սա շատ է օգնում հետագայում անհատական լուսանկարչական նախագծերի թեմաներն ընտրելու համար:
2016-2017 ուսումնական տարում կրթահամալիրում ունեցել եմ 3 տարբեր տարիքային կինո-ֆոտո գործունեության խմբեր, կրտսեր /4-5րդ դաս/, միջին /6-8րդ դաս./ և ավագ /10-12րդ դաս./ դպրոցներում: Խմբում սովորողի ընդգրկվելու առաջին կարևոր պայմանը որևէ նկարահանող սարքի`ուսումնական գործիք ասվածի, առկայությունն է՝ ֆոտոխցիկ, հեռախոս պլանշետ, որովհետև դասի կազմակերպումը իրենից ենթադրում է անընդհատ նկարահանումներ:
“A lot of photographers think that if they buy a better camera they’ll be able to take better photographs. A better camera won’t do a thing for you if you don’t have anything in your head or in your heart.” – Arnold Newman
Շաբաթվա ընթացքում մեզ հատկացված 2 օրը (հիմնականում) բաժանում ենք հետևյալ կերպ. 90 րոպե նկարում ենք. սա նախագծի գործնական մասն է: Սովորողներին առաջարկվում են տարաբնույթ ֆոտո նախագծեր, հնարավորություն է տրվում սովորողին նաև առաջարկով հանդես գալ՝ առաջարկել անհատական նախագիծ: Նախագծերն իրենց տեսակով լինում են երկարաժամկետ և կարճաժամկետ՝ կախված առարկայական խնդիրներից, նախագծային, առարկայական կոնկրետ նպատակից: Դասերն անցկացվում են բանգլադեշյան, քաղաքային տարածքներում՝ ամենուր: Սովորողների հետ քայլում ենք, գործնական հմտությունները՝ հենց տեղում՝ նկարելիս, ձեռք բերում. Կոնկրետ հարցերին պատասխանում, երբ դու նկարում ես ու գործում, հարցեր առաջանում են, եթե ինքդ չես նկարում, բնականաբար հարցեր էլ չեն լինում: Կոնկրետ նախագիծը ծնում է կոնկրետ հարցեր ու ստանում կոնկրետ լուծումներ:
“My life is shaped by the urgent need to wander and observe, and my camera is my passport.” – Steve McCurry
Հաջորդ 90 րոպեում քննարկում, ընտրում ենք նախորդ դասին նկարված նկարները: Խոսում ենք տեխնիկական, լուսային թերությունների մասին, ընտրում նկարները, տեխնիկական մշակման ենթարկում, վերածում նախագծային շարքերի: Անդրադառնում ենք նաև լուսանկարելու ընթացքում առաջացած խնդիրներին, փողոցում նկարվող ու նկարող մարդկանց փոխհարաբերությունների նրբություններին, լուծման ձևեր ենք գտնում, որպեսզի հետագայում խուսափենք խնդիրներից: Ընդհանրապես, բոլոր սովորողների դեպքում, սկզբնական շրջանում լինում են որոշակի բարդույթներ, կապված անծանոթ մարդկանց նկարելու հետ (ի դեպ բարդույթները սկսում են արտահայտվել մեծանալուն զուգահեռ, փոքրերը բացարձակ չեն ամաչում իրենց գործն անել): Դրա հաղթահարման միակ միջոցը պրակտիկ աշխատանքն է, շատ լուսանկարելն ու քայլելը, մարդկանց հետ խոսելn ու ճանաչելը, ընկերանալը:
Սովորողներին չծանրաբեռնելու և տեխնիկական բարդ ու ոչ այդքան պետքական պրոցեսներ բացատրելու փոխարեն, դասավանդումը կազմակերպում եմ կոնկրետ լուսանկարչական թեմաներով, որի ընթացքում՝ հարցերի միջոցով, սովորողները ամբողջապես յուրացնում են թեման ու դրա հետ կապված նկարահանման ձևն ու միջոցները: Կինո-ֆոտո ուսուցումը հիմնված է պրակտիկ գործունեության վրա, արդյունքը սովորողների պատկերային մտածողության զարգացումն է, «ճիշտ» պահերը որսալու կարողությունը, ու նկարների որակի բարձրացումը:
“I really don’t have any idea about photography, but I take pictures.” – Alex Majoli
Կրտսեր դպրոցում կինո-ֆոտո խմբի սովորողների հետ իրականացնում ենք երկարաժամկետ նախագիծ, որը կոչել ենք «Բանգլադեշյան լուսանկարչություն»: Այս ուղղությունը լուսանկարչության մեջ կոչվում է քաղաքային լուսանկարչություն, որը մենք վերանվանել ենք այն տեղանքի անունով որտեղ հիմնականում իրականացնում ենք մեր նկարահանումները: Բանգլադեշյան լուսանկարչութայն շրջանակներում կրտսեր դպրոցի կինո-ֆոտո խմբի սովորողների հետ ուսումնասիրել ենք լուսանկարչության մեջ 3 հիմնական ժանրերը. Դիմանկար, բնանկար, նատյուրմորտ: Ֆոտոռեպորտաժներ ենք արել, իրականացրել ենք «Իմ փոքրիկ աշխարհը» նախագիծը, ուսումնասիրել ենք Բանգլադեշի բոլոր հայտնի և անհայտ հատվածները, ծանոթացել ենք տեղանքին ու ճանաչել ենք այն տարածքը, որտեղ օրվա մեծ մասը անց ենք կացնում:
“I only know how to approach a place by walking. For what does a street photographer do but walk and watch and wait and talk, and then watch and wait some more, trying to remain confident that the unexpected, the unknown, or the known awaits just around the corner.” – Alex Webb
Միջին դպրոցում ևս, սովորողների հետ զբաղվել ենք քաղաքային լուսանկարչությամբ: Մեր դասերի ընթացքում նկարահանումները հիմնականում կարատարել ենք Բանգլադեշի տարածքում, բայց սովորողները իրենց առաձին նախաձեռնությամբ նկարահանումներ են իրականացնում նաև քաղաքի այլ հատվածներում: Միջին դպրոցի խմբի հետ ունենում ենք նաև շատ հետաքրքիր քննարկումներ ֆիլմերի ու ֆիլմարտադրության մասին, սցենարի ստեղծման ու նկարահանումների ընթացքի մասին: Այս քննարկումները օգնում են սովորողներին ձևավորել իրենց կարծիքը այս կամ այն ֆիլմի, կամ հաղորդման շուրջ: Հիմնավորված ու կինոյին հատուկ ձևով քննադատություններ անել, և ինչու չէ տարբերել լավ ու վատ արտադրանքը:
Բոլոր խմբերի դեպքում ունենում ենք ֆիլմի դիտումներ, հայտնի լուսանկարիչների աշխատանքներ ենք նայում, ծանոթանում նրանց ոճին, նկարահանման տեսակին, նաև դիտում ենք ժամանակակից լուսանկարչական աշխատանքներ՝ հայտնի լուսանկարչական կազմակերպությունների կայքերից:
Ավագ դպրոցում, սովորողների հետ աշխատելու հնարավորությունները մեծանում են, ընտրությամբ գործունեության ժամերը այս դեպքում դասերից հետո են լինում, հետևաբար հնարավորություն ենք ունենում չսահմանափակվելու նախատեսված ժամանակով ու տարածքով: Ավագ դպրոցի սովորողների հետ լուսանկարչության ճյուղը կոչել ենք «Երևանյան լուսանկարչություն»: Դասից մի քանի րոպե առաջ խմբով հավաքում ենք, ու գնում նախապես որոշված տեղը նկարահանումների: Ժամերով քայլում ենք ու նկարում, չենք հոգնում, որովհետև այնպիսի տեղեր ենք գտնում քաղաքում, որոնք այսքան ժամանակ չէինք տեսել, ուշադիր չէինք եղել: Քայլելու ընթացքում շատ բացահայտումներ ենք անում, խնդիրների ենք բախվում, լուծում ենք դրանք, բարյացկամ ու ոչ այդքան մարդկանց ենք հանդիպում, ինքներս մեր մեջ նոր ու շատ պետքական որակներ ենք զարգացնում, փոխվում ենք ու փորձում փոխել մեր լուսանկարների, մեր աշխատանքի միջոցով:
“It’s more important for a photographer to have very good shoes, than to have a very good camera.” – Sebastiano Salgado
Արդյունքում, բոլոր խմբերի դեպքում, ունենք գործուն լուսանկարիչ պատանիներ, որոնք հանդես են գալիս պարբերական հրապարակումներով և ունեն իրենց անհատական էջերը Սեբաստացի TV կայքում:
Գլխավոր լուսանկարը՝ Նարե Ղալամքարյանի
31 դիտում
[…] Լուսանկարչությունը՝ կենսակերպ […]
[…] Հոդվածի շարունակությունը կարդացեք ՝ այստեղ […]