Ազատության պողոտայի վերջնամասում խոյացող Միջքաղաքային հեռախոսային կայանի 10 հարկանի շենքը նախագծվել է 1971թ., շահագործման հանձնվել՝ նախագծման և կառուցման մեկնարկից 7 տարի անց: Մինչև հեռախոսակապի թվայնացումը՝ 1990-ականների սկիզբը, զանգն ընդունելու և հաճախորդներին միացնելու համար ԽՍՀՄ յուրաքանչյուր քաղաքում գործում էր Միջքաղաքային հեռախոսային կայան։
Շենքը համապատասխանում էր սեյսմիկ ամենաբարձր պահանջներին. 8 բալանոց սեյսմակայունություն ուներ։ Առաջին հարկում տեղակայված էին սրճարանն ու ճաշարանը: Երկրորդ հարկում վարչական գրասենյակներ էին։ Երրորդում միջքաղաքային օպերատորական կայաններն էին, որտեղ սարքերի առջև նստած աշխատակիցները զանգի պատվիրատուին միացնում էին հասցեատիրոջ հետ։ Այսօր շենքի առաջին հարկում գործում է յուրահատուկ Կապի թանգարանը, որտեղ կարելի է մանրամասն ծանոթանալ Հայաստանում հեռախոսակապի զարգացման պատմությանը։ Շենքն աչքի է ընկնում ու առանձնանում ճակատային բետոնե զարդացանցով, որի նպատակն էր բարձր ջերմություն գեներացնող սարքերի` արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանությունը։ Աշխատանքի ընթացքում ներսի ջերմաստիճանը կարող էր հասնել մինչև 50⁰ ըստ Ցելսիուսի: Նախատեսված էր հսկայական հովացման համակարգ։ Ճարտարապետներն էին Արմեն Աղալյանը և Գրիգորի Գրիգորյանը։
Աղբյուրը՝ urbanista.am
Լուսանկարները՝ Լիլիա Ղուլյանի, Անահիտ Գաբրիելյանի
Թողնել կարծիք